ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացվել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված միջոցառում

Armenpress 19:05, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, սեպտեմբերի 13-ին կազմակերպել են միջոցառում՝ նվիրված հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Միջոցառման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության գերակայությունները, գագաթաժողովի ծրագիրը, «Ապրել միասին» կարգախոսը՝ նշելով, որ այն համերաշխության, միասնության և մշակութային բազմազանության հանդեպ հարգանքի հզոր ուղերձ է, և այն կենտրոնական տեղ կզբաղեցնի գագաթաժողովի ծրագրի մաս կազմող բոլոր միջոցառումներում:

Անդրադարձ կատարվեց գագաթաժողովին զուգահեռ նախատեսվող հարակից միջոցառումներին, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի ավանին ու գալա-համերգին, ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը ներկայացնող պաշտոնական տեսահոլովակը։

Միջոցառմանը ներկա բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով՝ ողջունելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունն ու հաջողություն մաղթելով Երևանում կայանալիք գագաթաժողովի աշխատանքներին»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am