Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է

Armenpress 15:59, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են կատարել «Հայաստան» տաղավարում, ծանոթացել հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին: Փոխվարչապետներին ներկայացվել է, որ 2004 թվականից ցուցասրահ-համալիրի տարածքում գործող Հայաստանի առևտրացուցահանդեսային կենտրոնում անցկացվում են թեմատիկ միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ: Ըստ պատասխանատուների՝ այս տաղավարում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը:

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am