Հայկ Մարությանը թիրախային է համարում իրենց նախընտրական ծրագիրը

Armenpress 15:56, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակում է Նուբարաշեն վարչական շրջանում:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պահին դաշինքի համամասնական ցուցակի անդամները քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ քայլերթ են իրականացնում Նուբարաշենում: Երեկոյան ժամը 19:00-ին դաշինքը օրվա քարոզչական ծրագիրը կավարտի հանրահավաքով, որի ընթացքում Հայկ Մարությանը նուբարաշենցիներին կներկայացնի իրենց նախընտրական ծրագիրը:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ընդգծեց, որ Նուբարաշենում ամենակարևոր հարցը, որը լուծման կարիք ունի, աղբահանությունն է: «Բայց ես պետք է ասեմ, որ դա ոչ միայն այս վարչական շրջանի, այլև ամբողջ քաղաքի խնդիրն է: Այդ խնդիրը կա, որ ամեն վարչական շրջանում մեր հանդիպումների ընթացքում մարդիկ ասում են՝ մեզ մոտ այս կամ այն խնդիրը կա: Մենք էլ ասում ենք, որ այդ խնդիրը կա բոլոր վարչական շրջաններում, և մենք բոլոր խնդիրներին տալիս ենք համակարգային, ոչ թե տեղային լուծում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ իրենց ծրագիրը թիրախային է, քանի որ իրենք էլ Երևանում են ապրում և խնդիրները շատ լավ տեսնում են, պատկերացնում են, թե որոնք են առաջնային խնդիրները: «Մենք ունենք քաղաքական կամք, որպեսզի լուծենք այն խնդիրները, որ հիմա կան Երևանում: Նախկինում այդ քաղաքական կամքը չի եղել, որովհետև կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր էր լուծել, բայց մինչև հիմա չեն լուծվել: Մեր միակ ցանկությունն այն է, որ սկսենք քայլ առ քայլ շտկել Երևանի խնդիրները»,- ասաց Մարությանը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am