Կարճաղբյուրը վերածվել է շինհրապարակի

Armenpress 15:15, 14 Սեպտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի միջոցներով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ասֆալտապատվել է 2 200 մետր երկարության ներհամայնքային ճանապարհ, հիմնանորոգվել երկու թաղամասերն իրար կապող վթարային կամուրջը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, այս ծրագրի իրականացման արդյունքում Կարճաղբյուրի չորս թաղամաս արդեն ունեն ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ, իսկ Կարճաղբյուր գետի վրա կառուցված կամուրջը, որն իրար է կապում գյուղի երկու թաղամասերը, ինչպես նաեւ Կարճաղբյուր-Ծովակ-Ախպրաձոր բնակավայրերը: 218 միլիոն դրամ հատկացվել է ճանապարհների ասֆալտապատման, 57 միլիոն դրամ՝ կամրջի հիմնանորոգման նպատակով: «Այս ծրագրի իրականացման արդյունքում արդեն ունենք ավելի քան 4 կիլոմետր երկարության ասֆալտապատ ճանապարհներ: Կարելի է ասել, որ համայնքի մոտ 50 տոկոսն արդեն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն ունի: Գյուղի կենտրոնական ճանապարհը 2 կիլոմետր երկարությամբ ասֆալտապատվել է մի քանի տարի առաջ, կրկին պետբյուջեի միջոցներով: Մնացած թաղամասերի ասֆալտապատման համար կփորձենք միջոցներ գտնել առաջիկայում»,-նշեց Տարոն Քոչարյանը:Սեպտեմբերի առաջին օրերից Կարճաղբյուրում տեղական բյուջեի միջոցներով մեկնարկել է ասֆալտապատ փողոցները մոտ 1 կիլոմետր երկարությամբ լուսավորելու ծրագիրը: Այդ նպատակով տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 2 միլիոն 650 հազար դրամ: Նորակառույց լուսավորության ցանցը կապահովի շրջանակաձեւ գիշերային լուսավորվածություն: Շինարարական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջերին: Գյուղապետի հավաստմամբ՝ այս ծրագրի ավարտով գյուղը կլուսավորվի մոտ 80 տոկոսով: Իսկ մի քանի օրից սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկելու է դեպի Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատումը: Ծրագրի արժեքը կազմում է 8 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է Կարճաղբյուրի գյուղապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը:«Այս ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել դեպի դպրոց տանող ճանապարհի 120 մետր երկարությամբ հատվածը, որով եւ կամբողջանա տարիներ առաջ կիսատ ու անբարեկարգ վիճակում մնացած ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Մի խոսքով՝ տարին փակում ենք նկատելի ձեռքբերումներով, կենսական կարեւոր նշանակության ծրագրերի իրականացմամբ, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում՝ եկող տարում հերթական կարեւոր խնդիրների կարգավորմամբ զբաղվելու»,-հավաստեց Տարոն Քոչարյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am