«Սանիթեքն» իր խնդիրների մասին չի բարձրաձայնել շուրջ երկու տարի՝ ելնելով գործարար էթիկայից

Armenpress 14:51, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով հատկապես սոցիալական ցանցերում հնչող այն տեսակետին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը պատշաճ կերպով չի աշխատում: Նիկոլաս Թավիլի խոսքով՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա ու չեն կորցնի իրենց ներդրումները:

«Երբ «Սանիթեքը» որոշեց մասնակցել միջազգային տենդերին, շատ մանրամասն վերլուծություն կատարեցինք արժեքի հետ կապված, որոշեցինք մուտք գործել ու աշխատել Հայաստանում փոքր եկամուտով՝ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով: Սակայն մինչ այս պահը որոշակի խնդիրների ենք հանդիպել»,-ասաց Նիկոլաս Թավիլը: Նա նախ մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» պայմանագիրը, որը ենթադրում է ծառայությունների մատուցում երեք ուղղություններով: «Առաջինը՝ տնային տնտեսությունների աղբի հավաքագրում, ինչը չի ներառում ոչ կանաչապատման, ոչ շինարարական աղբը: Ընկերությունը պատասխանատու է աղբատար խողովակի ներքևում գտնվող աղբի հեռացման, բայց ոչ խողովակի հետ կապված խնդիրների համար: Երկրորդը՝ սանիտարական մաքրումն է, երրորդը ներառում է ձմռանն առաջացող մաքրման աշխատանքները»,-նշեց ընկերության ղեկավարը:

Խոսելով խնդիրների մասին՝ «Սանիթեքի» ղեկավարը նկատեց, որ տարեկան իրենց հաշվարկած 100 վնասված և ամբողջովին շահագործումից դուրս բերելու ենթակա աղբամանների փոխարեն իրենք այսօր՝ ընկերության՝ Հայաստան մուտքից չորս տարի անց, ունեն ավելի քան 1000 այրված, 2 հազարից ավելի վնասված աղբամաններ։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը վնասվում կամ փչանում է ոչ աշխատակիցների մեղքով, այլ արտաքին ներազդեցությունների արդյունքում: Թավիլի հավաստմամբ՝ բազմիցս դիմել են քաղաքապետրանին, որպեսզի վերջինս նոր աղբամաններ գնի, բայց իրավիճակը չի շտկվել: «Հայաստան մուտք գործելիս մենք ցանկանում էինք բարձրացնել աղբահանության մակարդակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին: Ամբողջ աշխարհում աղբամաններն օգտագործվում են միայն անձեռոցիկի, շշերի, ծխախոտի համար, բայց ոչ մեծ կենցաղային աղբի համար: Մենք այս մասին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ այս հարցում ևս մեզ աջակցեն, քանի որ աղբի կառավարումը մշակույթ է: Դա պետք է սերմանել դպրոցներում, պետք է մարդկանց սովորեցնել»,-հավելեց «Սանիթեքի» ներկայացուցիչը:

Մյուս խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Նիկոլաս Թավիլը, Նուբարաշեն աղբանոցի և դեպի այնտեղ տանող ճանապարհների վատ վիճակն է: «Մեզ խոստացել էին, որ արագ կարգով կվերանորոգեն ու աղբանոցը կբերեն պատշաճ տեսքի, մինչ այս պահը դրանք շատ վատ վիճակում են»,-ասաց նա:

Նիկոլաս Թավիլը ներկայացրեց մի քանի թվեր՝ կապված իրենց գործունեության և կատարված ներդրումների հետ: Մասնավորապես, իրենց կողմից ներմուծվել ու գործի է դրվել 150 սարքավորում, մեքենա, շարժակազմ, 5 հազար աղբաման, որոնք գերմանական են և օգտագործվում են ողջ Եվրոպայում, աշխատանքով են ապահովում 900 աշխատողի, տարեկան 1 միլիարդ 250 միլիոն դրամի աշխատավարձ են տալիս, 780 միլիոն դրամի՝ հարկային պարտավորություն են կատարում, ամսական 420 միլիոն դրամ են ներարկում տնտեսություն: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր քաղաքապետի հետ բանակցություններից հետո ներդրումներ իրականացնել:

 «Արմենպրես»-ը հարց ուղղեց՝ արդյոք ընկերությունն այս տարիներին շահույթո՞վ է աշխատել, որին ի պատասխան Նիկոլաս Թավիլն ասաց. «Այս շուկա մուտք գործելիս մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխատանքի արդյունքում ծածկել ծախսերն ու ունենալ շատ փոքր շահույթ: Հիմա արդեն կորստով ենք աշխատում: Կազմակերպությունն ի վիճակի է վճարելու իր ծախսերը, բայց ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, բայց փոխարենն ամեն ամիս որոշակի ներդրումներ ենք ներգրավում: Ֆինանսական ծրագիրը լավ է աշխատել մինչև 2016-ը, բայց այդ տարվա ձմեռվանից հետո որոշակի անկում է նկատվել: Պայմանագրով մենք 2 հազար տոննա աղբ պետք է ունենայինք ձմռանը, բայց ծանր ձմռան արդյունքում «Սանիթեքը» ստիպված էր 6 հազար 300 հարյուր տոննա աղբի աղբահանումը սպասարկել»,-ասաց ընկերության ղեկավարը:

«Ինչու խնդիրների մասին ավելի վաղ չէիք բարձրաձայնում» հարցին էլ ի պատասխան՝ Նիկոլաս Թավիլն ասաց, որ բիզնեսը էթիկա է, դրա համար էլ իրենց առնչվող խնդիրների պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Լուռ չեն եղել, բայց խոսկան էլ չեն եղել: Բազմիցս ասել են, որ ունեն խնդիրներ աղբամանների հետ կապված: «Գուցե մեր մեղավորությունն է, որ շատ չենք խոսել այդ մասին: Հետագայում, երբ ամեն ինչ կարգավորվի, կարող ենք այդ հարցերը դեռ քննարկել»,-հավելեց նա:

Անդրադառնալով աղբահանող երկրորդ օպերատոր ունենալու հարցին՝ նա առաջարկեց սպասել նոր քաղաքապետարանի ձևավորմանը, որի հետ իրենք կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ պայմանագրի հետ կապված, փոխադարձ համաձայնությամբ կտեսնեն՝ ինչ կլինի:

Ինչ վերաբերում է իրենց կողմից մատուցվող ծառայության արժեքի հնարավոր բարձրացմանը, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո կարող են խոսել այդ մասին:

Անի Նազարյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am