Նախարար Վահրադյանն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին  

Armenpress 14:37, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը: «Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ. Վահրադյանը:

Արագավազորդ Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում  Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: 

Հանդիպմանը ներկա Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ընդգծել է, որ Ա. Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am