1000х90.jpg (78 KB)

Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Armenpress 13:40, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի եւ Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր հիմքերի վրա:

Արա Բաբլոյանի խոսքով` դրա վառ վկայությունն այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը, Ֆրանսիայի Հանրապետություն է այցելել ՀՀ նախագահը, այժմ Ֆրանսիայում է Հայաստանի վարչապետը, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահը:

«Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որի նախագահությունը երկու տարով ստանձնելու է Հայաստանը. անշուշտ այս ամենը փաստում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման մասին»,- նշել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերից բացի խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների մասին: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին բարձր ցուցանիշներն ու ապահովել դրանց հետագա աճը: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը միշտ պետք է կողմերի ուշադրության կենտրոնում լինեն, իսկ խորհրդարանականներն էլ իրենց ներդրումը պետք է ունենան այդ կապերի զարգացման գործում:

Ավարտելով ելույթը` Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի Հայաստանում անցկացումը եւ վստահություն հայտնել, որ այդ իրադարձությամբ էլ ավելի կամրապնդվեն ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի կապերը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am