Աշնանացան հացահատիկի հեկտարի համար առաջարկվում է տրամադրել 60 հազար դրամ

Armenpress 11:53, 14 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց տրամադրել 60 հազար ՀՀ դրամ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Հաշվարկվել է, թե որքան ավելի հացահատիկ կարտադրվի, որքան ընտանիք կօգտվի այս առավելությունից: Որոշման նախագիծը ներկայացնելիս հաշվի ենք առել մի քանի նպատակ: Այս պահի դրությամբ մեր վարելահողերի մինչև 35%-ը չի մշակվում: Այս առաջարկը կնպաստի չմշակվող հողատարածքների կրճատմանը: Նաև այն ցորենը, որը մենք պակաս ենք մշակում, ստիպված ներկրում ենք»,- ասաց Խաչատրյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար ՀՀ դրամ, անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Պետական աջակցություն տրամադրվելու է մինչև 7 հեկտար աշնանացանի համար: Պետական աջակցության օբյեկտ չեն համարվելու տնամերձ հողատարածքները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am