Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կալիֆորնիայի պատվիրակությանը

Armenpress 19:40, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի պատվիրակությանը, որի կազմում էին Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթընի Պորտանտինոն և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ այն ամուր հիմքեր է ապահովել Արցախի և Կալիֆորնիայի միջև տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցություն հաստատելու համար։

Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ նախագծերը և Արցախի ու Կալիֆորնիայի միջև տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում գործնական ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման հնարավորություններին՝ փորձի փոխանակման և Արցախում մասնագետների որակավորման աստիճանի բարձրացման նպատակով։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կալիֆորնիայում Արցախի ճանաչելիության և ներկայացվածության խթանմանն ուղղված անելիքների շուրջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am