Արսեն Թորոսյանը խոսել է ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստի մասին

Armenpress 16:36, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը:

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող բժշկական ապահովման հարցերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին: ՀՖՖ իրավական անձանց միության կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է: Իսկ գործկոմի անդամների թեկնածուներն են Արսեն Թորոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Հիրաչ Յագանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խաչատուր Ադումյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Կարեն Շաբոյանը, Մարինա Թաշչյանը: Ընտրությունը կկայանա սեպտեմբերի 22-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am