Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լայպցիգի համալսարանի պատվիրակությանը

Armenpress 16:21, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ նման այցերը լավ առիթ են Արցախի մասին ճշգրիտ և ամբողջական պատկերացում կազմելու համար,  և հույս հայտնել, որ տվյալ այցը հնարավորություն կընձեռի քննարկելու գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել տարբեր բնագավառներում՝ ներառյալ գիտական-կրթական ոլորտում արտաքին կապերի և համագործակցության հաստատման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից իրականացվող քայլերին՝ կարևորելով միջազգային գործընթացներին Արցախի  համակողմանի ներգրավումը։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, անդրադարձել հանրապետության միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։

Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է վերականգնել եռակողմ բանակցային ձևաչափը՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների լիիրավ մասնակցությամբ։ Նախարարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը: Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա։

ԱԳՆ ղեկավարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am