«Ելման կետ». կառավարությունը կվերացնի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը

Armenpress 14:48, 13 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նվազագույն կենսաթոշակը 2019-ի հունվարից նախատեսում է բարձրացնել 60%-ով՝ նպատակ ունենալով հաղթահարել կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության խնդիրը: Որպես «Ելման կետ» դիտարկենք նախորդ կառավարություններից ժառանգած կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության խնդիրը և գործող կառավարության կողմից դրա լուծմանն ուղղվող քայլերը:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ծայրահեղ աղքատության շեմը 2016-ին կազմել է 23 հազար 313 դրամ, և չնայած դրան՝ մինչ այժմ պետության կողմից վճարվող նվազագույն կենսաթոշակը կազմել է ընդամենը 16 հազար դրամ: Նույն վիճակագրական տվյալներով՝ ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացող թոշակառուների թիվը գերազանցում է 12 հազարը: Այսինքն՝ տարիներ շարունակ ավելի քան 12 հազար թոշակառու ստացել է «գոյատևման հետ անհամատեղելի» կենսաթոշակ:

Այժմ կառավարության կողմից առաջարկվող նախագծով նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվում է կապակցել ծայրահեղ աղքատության շեմին, որից պակաս կենսաթոշակները չեն կարող հաշվարկվել։ Այսպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է սահմանել 25 հազար 500 դրամ՝ հաշվի առնելով նաև տարեկան 3% ինֆլյացիան։

Հատկանշական է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին և մինչ օրս այն նվազագույն կենսաթոշակի չափի հաշվարկման մեխանիզմի մասով փոփոխության չի ենթարկվել, ու մինչ այժմ կենսաթոշակառուների մի մասը ստացել է ընդամենը 16 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օրենքի նախագծին տրված բնութագրի՝ 2019-ի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 հազար 394 մարդ, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։ Այս ցուցանիշը 39200-ով գերազանցում է վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված նախորդ տարվա ցուցանիշը։ Հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները՝ 2019 թվականին պարենային աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640 մարդ, որը կազմում է կենսաթոշակառուների կանխատեսվող թվի 3.5%-ը: Ըստ այդմ, նվազագույն կենսաթոշակի շեմի բարձրացումը բյուջեի վրա կարող է արժենալ 1.4-1.6 մլրդ դրամ:

Նշվածով պայմանավորված՝ յուրաքանչյուր աշխատողին բաժին ընկնող կենսաթոշակառուի թիվը կավելանա, ինչը լրացուցիչ բեռ է և աշխատողների, և պետության համար։ Ժողովրդագրական նման դինամիկան հուշում է, որ գործող կենսաթոշակային համակարգը վաղ թե ուշ իրեն սպառելու է, և այլևս նպատակահարմար չի լինի կիրառել սերունդների համերաշխության մոդելը: Ներկայումս Հայաստանում գործում է կենսաթոշակային երկու համակարգ՝ սերունդների համերաշխության և կուտակային կենսաթոշակի համակարգ: Սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված կենսաթոշակային համակարգն իրենից ենթադրում է կենսաթոշակների ֆինանսավորում պետական բյուջե ուղղված գործատուների, անհատ ձեռնարկատերերի և վարձու աշխատողների կողմից վճարված հարկերի հաշվին։ Այս համակարգում կենսաթոշակի չափը որոշվում է ոչ թե անձի կատարած վճարումներով, այլ աշխատանքային ստաժով։ Այն քաղաքացիները, ովքեր երբեւէ չեն աշխատել, ստանում են ծերության նպաստ, որը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից։

Կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի իր համար կկուտակի միջոցներ և դրանք հետ կստանա կենսաթոշակային տարիքին հասնելու ժամանակ: Այս մոդելն առավել արդյունավետ է Հայաստանին բնորոշ ժողովրդագրական դինամիկայի պարագայում և կապահովի սոցիալական արդարության ավելի բարձր մակարդակ:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ նվազագույն կենսաթոշակի չափի սահմանումն ամբողջովին չի կարող լուծել կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցման հարցը, քանի որ, ամեն դեպքում, այն ցածր է պարենային զամբյուղի (35 հազար 214 դրամ) և նվազագույն սպառողական զամբյուղի (62 հազար 329 դրամ) ցուցանիշներից: Այդ հարցի լուծման համար կառավարության կողմից պետք է մշակվեն լրացուցիչ մեխանիզմներ:

Այսպիսով՝ ծայրահեղ աղքատ թոշակառուների խնդրի վերջնական լուծումը կառավարության վրա կարժենա 1.4-1.6 մլրդ դրամ, իսկ նախորդ տարիների ժողովրդագրական ծանր վիճակի հետևանքով կենսաթոշակային համակարգում ի հայտ եկած խնդիրները կլուծվեն կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական գործարկման միջոցով:

Լուսինե Փանոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am