«Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ին կայանալիք ICEA 2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ծրագրի նախաձեռնության հեղինակ «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համատեղ Թումոյում մեկնարկում է աշխատարանների շարք:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թումո թիմից, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը կայանալիք ցուցահանդեսի մասնակից հանրահայտ արվեստագետների կողմից կենտրոնում կանցկացվեն մի շարք աշխատարաններ։ Դրանցից կլինեն ձայնային ինստալյացիայի դասընթացները Ռոլանդ Կույտի և Ռոբերտո Պուլիեզեի հետ, վավերագրական ֆոտոպատմությունների ստեղծումը լուսանկարիչ Լոգո Օլուվամույիվայի հետ և նկարչական աշխատարանը Աբուդի Դիարասսուբայի հետ:

Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը իրականացվում է «Շաուլա ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ ու Կանադայի կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության, Իտալիայի արտաքին գործերի նախարարության «Vivere all'Italiana» մշակութային զարգացման ծրագրի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): 

Ծրագրի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել հայկական ժամանակակից արվեստն ու պատմական ժառանգությունը` ներգրավելով մասնակիցների տարբեր երկրներից ու սերունդներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am