Հուշարձանների վերականգնման համար ՀՀ մշակույթի նախարարությունը օտարերկրյա գործընկերների հետ է համագործակցում


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 2500 հուշարձան: Բոլոր հուշարձաններն էլ պահպանության և վերականգնման կարիք ունեն:  Եթե ՀՀ մշակույթի նախարարությանը հուշարձանների համար հատկացվող ողջ գումարը բաժանվի 2500 հուշարձանի միջև, ապա դրանցից յուրաքանչյուրին տարեկան հնարավոր կլինի հատկացնել տասը հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Երբ խոսում ենք սահմանափակ, սուղ բյուջեի մասին, իսկ գիտենք, որ  հուշարձանի պատշաճ վերականգնումը, վերակառուցումը բավականին մեծ գումար է պահանջում,  հասկանում ենք, որ պետք է ըստ առաջնահերթությունների առաջ շարժվել: Սկսել ենք ակտիվ աշխատել Իտալիայում  գործող վերականգնողական տարբեր կենտրոնների հետ, որտեղ լավագույն մասնագետներն են ներգրավված: Համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Միայն ՀՀ մշակույթի նախարարության բյուջեով սահմանափակվելու դեպքում չնչին գործ կկատարվի: Հետևաբար, պատրաստվում ենք հնարավորինս շատ գործընկերների ընդգրկել այս  հարցի լուծման մեջ»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով` կարևոր է նաև, որ ամեն քաղաքացի գիտակցի մշակութային հուշարձանների արժեքը  և ավելի հոգատար վերաբերվի բոլոր հուշարձաններին, քանի որ պարզ է, որ հաճախ դրանց վնասման պատճառներն արհեստական են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am