1000х90.jpg (78 KB)

«Մշակութային կանգառ»-ը կշարունակվի մասնավոր ներդրումների շնորհիվ

Armenpress 19:55, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մշակույթի նախարարությունը մասնավոր ներդրողների աջակցությամբ շարունակելու է իրականացնել «Մշակութային կանգառ» ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

««Մշակութային կանգառ»-ը և մի շարք այլ ծրագրեր կյանքի են կոչվել  մասնավոր ներդրումների շնորհիվ: Նախարարությունն իր բյուջեի հնարավորությունների չափով հեռանկարում կշարունակի ծրագիրը, սակայն նաև մասնավոր ներդրողների կարիք կլինի»,-շեշտեց Մակունցը:

Նրա խոսքով` նախկինում նախագծին աջակցություն ցույց տված ներդրողները ինչ-ինչ պատճառներով որոշել են այլևս մասնակցություն չունենալ ծրագրի իրականացմանը:

Նախարարը հիշեցրեց, որ մշակութային ապակենտրոնացումը և ՀՀ մարզերում  մշակույթի տարածմանն ու զարգացմանը մեծ ուշադրություն դարձնելն իրենց համար գերակա խնդիր է և նախարարության հիմնական  ծրագրերի ուղեծրերը մարզերն են:

«Երբ նախարարությանը որևէ նախագիծ են ներկայացնում, որը ցանկանում են իրականացնել Երևանում և արժանանում են մեր հավանությանը, մենք անպայման հարցնում ենք՝ պատրաստվո՞ւմ են արդյոք այն իրագործել նաև որևէ մարզում: Դաշտից դուրս չենք մղում Երևանը, բայց ընդգրկում ենք նաև մարզերը: Փորձելու ենք նոր գաղափարներով, նոր մտքերով հանդես գալ, որպեսզի կարողանանք նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:

«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 2017 թվականին ՀՀ տարբեր մարզերում անցկացվեցին 426 մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, փառատոններ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am