1000х90.jpg (78 KB)

«Շանթ 2018». ԱԻՆ-ը հաղորդում է պայմանական ահաբեկչության փորձի և աղետի մասին

Armenpress 16:55, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում «Շանթ 2018» զորավարժության շրջանակում տարբեր սցենարներին համապատասխան գործողություններ են իրականացվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

«Ժամը 9:27-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում նկատվել են մի խումբ անձիք, ովքեր պայուսակ են թողել տարածքում և հեռացել, որի մեջ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր և այլ նյութեր: Իրականացվել է շահագրգիռ բոլոր ծառայությունների արձագանքում: Դեպքի վայրում կատարվել է վտանգավոր տարածքի սահմանազատում»,- նշեց խոսնակը:

Ասիլյանի խոսքով՝ մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Վայոց ձորի մարզում:

«Ժամը 9:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունից ստացել ենք տեղեկատվություն, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է սողանքի հետևանքով փլուզում, երկու կողմից առկա է խցանում: Այս առումով՝ համագործակցելով ՏԻՄ-երի, ոստիկանության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մեր գործընկերների հետ, աշխատանք է տարվում ճանապարհը բացելու և այլընտրանքային ճանապարհ ստեղծելու ուղղությամբ»,- նշեց Ասիլյանը:

Սաթենիկ Ասիլյանի փոխանցմամբ՝ այս պահին ավարտման փուլին են մոտենում նախարարության բարձր պատրաստականության աստիճանի անցման միջոցառումները:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am