Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Մանհայմ քաղաք

Armenpress 16:34, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհայմի և Ռայն Նեկար մարզի առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) և «Սալոն Դիպլոմատիկ» կազմակերպության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 11-ին Մանհայմի ԱԱՊ-ում հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ` նվիրված ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման խոսքով հանդես եկավ Մանհայմի փոխքաղաքապետ Միխաել Գրյոտչը:

Նույն օրը դեսպանը հանդիպեց Մանհայմի քաղաքապետ դր. Պետեր Քուրցին: Դեսպան Սմբատյանը գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Մանհայմի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էրնստ-Լյուդվիգ Ֆոն Թադենի հետ:

Մանհայմի համալսարանը հիմնադրվել է 1907թ. և Գերմանիայում հայտնի է բնագիտության, հատկապես` մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում գրանցված հաջողություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am