Վազքուղու համար ոչինչ պետք չէ վճարել, միայն ասֆալտապատել է պետք  

Armenpress 12:10, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շատ շուտով կարող է տեղադրվել միջազգային կարգի հավաքովի վազքուղի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: «Վազքուղու համար նախատեսվող բոլոր ֆինանսական հարցերը լուծված են, մնում է միայն ասֆալտապատվի, որ վազքուղին տեղադրվի և ծառայի մարզիկներին 10-15 տարի: Իմ կապերի միջոցով հասանք նրան, որ ատլետիկայի միջազգային ֆեդերացիան տվեց մեզ այդ վազքուղին ունենալու հնարավորություն, վազքուղու համար ոչինչ չենք վճարելու: Արդեն 8 տարի, ինչ փորձում ենք լուծել այս վազքուղու խնդիրը: Մեր երկիրն արժանի է ունենալու նման մակարդակի մարզադաշտ»,-շեշտեց Էմմիյանը:

Էմմիյանի խոսքով` վազքուղու համար դեռևս հստակ որոշում չի կայացվել, բայց ամենայն հավանականությամբ վազքուղին կտեղադրվի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

«Մենք բարձր մակարդակով ընդունելության արժանացանք վարչապետ Փաշինյանի կողմից: Նա նույնիսկ իր խոսքում հիշեց իմ բոլոր ռեկորդները, անգամ դրանց սահմանման տարեթվերը: Նա շահագրգռված է, որ մեր հանրապետությունում վերջապես լինի միջազգային վազքուղի: Մենք ամեն մեկս մեր գործով պետք է օգնենք մեր երկրին»,-ասաց լեգենդար մարզիկը:

Միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղու սկզբնական գինը 600-700 հազար ԱՄՆ դոլար է:

 Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am