1000х90.jpg (78 KB)

«Ծառուկյան» խմբակցությունն ԱԺ կրթության, գիտության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը

Armenpress 11:50, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան խմբացկությունը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուրիխանյանը վստահեցրեց` նոր թափ է հաղորդելու հանձնաժողովին:

«Հանձնաժողովի նախագահի պաշտոնի քվոտան տրված է մեր խմբակցությանը: Մենք քննարկել և ներկայացրել ենք Ուրիխանյանի թեկնածությունը: Նա նոր մարդ չէ ԱԺ-ում, նաև հանդիպել է բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել է հարցերին»,-ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Ուրիխանյանը նշեց` ամեն բան կարգավորելու կարիք ունի, հատկապես կրթության ոլորտում: «Բազմաթիվ խնդիրներ ունենք հանրակրթական, բուհական համակարգում, անհամեմատ ավելի շատ` միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Իմ գնահատմամբ` կրթության և գիտության բնագավառները հետ են մնացել արդի պահանջներից: Զարգացած երկրներում թուղթ ու գրիչ, կավիճ չեք տեսնի»,-ասաց Տիգրան Ուրիխանյանն ու մատնանշեց` առանց որակյալ կրթության, չենք ունենա կիրթ, զարգացած հասարակություն:

Նա նշեց` ցանկանում է նոր թափ հաղորդել հանձնաժողովի գործունեությանը, հանդես գալ նոր օրենքներով: Խորհրդակցել է գրեթե բոլոր խմբակցությունների հետ` հասկանալու նրանց տեսակետները: Վստահեցրեց` հանձնաժողովն աշխատելու է այս դարին համահունչ և լինելու է նախաձեռնող:

Փակ քվեարկության արդյունքները պարզ կդառնան ավելի ուշ:

Ուրիխանյանը ծնվել է 1979-ի օգոստոսին Երևանում: Սովորել է Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, հետո դադարեցրել է ուսումը, շարունակել է Երևանի կառավարման և կրթության զարգացման ակադեմիայի օտար լեզուների ֆակուլտետում, ավարտել է Երևանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է նաև «Հայռուսգազարդի» տնօրենի խորհրդական: Հիմնադրել է Հայաստանի առաջադիմական-երիտասարդական կուսակցությունը: Եղել է նաև «Բարգավաճ Հայաստանի» խոսնակ, այնուհետև` ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am