Ալեն Սիմոնյանը ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսումը և հրապարակումը որակում է փոքր ահաբեկչություն

Armenpress 11:11, 12 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի բովանդակությունում իրենց համար որևէ անհանգստացնող բան չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Դա փոքր ահաբեկչություն էր՝ ուղղված Հայաստանի դեմ: Իսկ թե ով է արել, կպարզի հետաքննությունը: Ձայնագրության բովանդակության մեջ որևէ բան չեմ տեսել, որն ինձ անհանգստություն պատճառի: Տեսել եմ այն, ինչը մեր իշխանությունն ու իրավապահ մարմինները բազմիցս ասել են: Չկա որևէ միջամտություն իրավապահ մարմինների գործունեության մեջ»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց` ձայնագրությունն ապացուցեց դա:

Նա նշեց՝ նախկինում տարիներ շարունակ զանգահարել են հայտնի մարդկանց և ցուցումներ ստացել` ձերբակալե՞լ մեկին, թե ոչ:

Ձայնագրության տարածումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ելույթով հանդես գալը Սիմոնյանը մեկնաբանեց հետևյալ կերպ` միշտ աչքի են ընկել իրենց հաշվետվողականությամբ: Հանրության համար բաց են եղել և այդպես էլ կշարունակեն:

Ավելի վաղ` սեպտեմբերի 12-ին համացանցում տարածվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դրան ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև հրավիրված ասուլիսում ԱԱԾ և ՀՔԾ պետերը հաստատել էին, որ դա իսկապես իրենց զրույցն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am