Թբիլիսիում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին նվիրված ասուլիս

Armenpress 19:01, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-ին միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպել է Վրաստանում հավատարմագրված լրատվամիջոցների հետ՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները ներկայացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր ներածական խոսքում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն անդրադարձ է կատարել Երևանյան գագաթաժողովին և հարակից միջոցառումներին, կազմակերպչական աշխատանքներիին, Ֆրանկոֆոնիայի ավանին, Տնտեսական ֆորումին, Գալա համերգին, ինչպես նաև ներկայացրել է Գագաթաժողովին ֆրանկոֆոն երկրների մասնակցության մակարդակը, Գագաթաժողովի կարգախոսը և պաշտոնական գործընկերներին: Հատուկ ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը Հայաստանի համար՝ միջազգային մակարդակում փոխադարձ շփումները զարգացնելու առումով:

Տիգրան Բալայանը վրաց լրագրողների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի մի շարք նախաձեռնությունների վրա՝ առանձնացնելով այդ թվում «Ֆրանկոտեսիլի» ֆրանկոֆոն երգի մրցույթ հիմնելու նախաձեռնությունը։

Մանրամասն անդրադարձ  է կատարվել ՖՄԿ գագաթաժողովը և հարակից միջոցառումները լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրման կարգին և պահանջներին:

Ասուլիսի ընթացքում Տիգրան Բալայանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am