Ալեն Սիմոնյանն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը համարում է դատավորների նկատմամբ ճնշման բացակայության ապացույց

Armenpress 17:44, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի համացանցում տարածված հեռախոսազրույցը գաղտնալսողը և հրապարակողը նպատակ են ունեցել կանգնեցնել իրավապահների՝ Մարտի 1-ի գործով քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից:

«Դատավորների նկատմամբ ճնշում չկա: Ինչ ուզում էին ապացուցել այդ ձայնագրությունով, հակառակը ստացվեց: Նպատակը եղել է կանգնեցնել Մարտի 1-ի քննության և մնացած այլ քննություններով իրավապահների գործողությունները»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ անօրինությունների դեմ պայքարում իրենց կանգնեցնել չեն կարող:

Սիմոնյանը նկատեց, որ գաղտնալսողները տիրապետել են այնպիսի ռեսուրսների, որով գնել են  սարքեր և կարողացել գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր  հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Մարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Դրան «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անմիջապես հետո ասուլիսով հանդես եկան ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հաստատելով, որ դա իսկապես իրենց հեռախոսազրույցն է: Վանեցյանը նշել է, որ այն եղել է զուտ իրավաբանական քննարկում: Սասուն Խաչատրյանը դա որակել է իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am