ԱԱԾ տնօրենը խոստանում է պատասխանատվության ենթարկել հնարավոր դավաճաններին

Armenpress 16:40, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք երբեք չեն ազդել դատական համակարգի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանն ու դրանում հնչեցված հայտարարություններին:

«Եթե դատարանների ու դատավորների վրա կարողանայինք ազդեցություն ունենալ, խառնվեինք դատական պրոցեսին, հավատացեք, որ շատերը, ովքեր ազատ են արձակվել, այսօր ազատ արձակված չէին լինի»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գաղտնալսումը տեղի ունեցել՝ Վանեցյանը նշեց, որ այս պահին դեռ վաղ է հստակ խոսելը: «Այս պահին չեմ կարող պատասխանել, թե ինչպես է տեղի ունեցել գաղտնալսումը, ով է գաղտնալսել: Կարող եմ ասել, որ գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն : Սակայն չեմ կարծում, որ մեր ծառայությունում կան դավաճաններ, ովքեր կարող են իրականացնել իրենց ղեկավարի խոսակցությունների գաղտնալսում:

Չեմ բացառում, որ մեծ փողերով մարդիկ կարողացել են գնել հատուկ տեխնիկա ու իրականացնել գաղտնալսումը»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա հավելեց, որ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա քննությունը՝ ընդգծելով, որ չի կարող խոսել ենթադրություններով: «Եթե դավաճաններ կան, պետք է պատասխան տան»,- հայտարարեց Վանեցյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am