Դա եղել է զուտ իրավաբանական քննարկում. Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է, որ համացանցում տարածված հեռախոսազրույցի ձայնագրության խոսակցության մասնակիցները ինքն ու ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և հատուկ քննչական ծառայության պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, և կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը: Եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունում այդ փաստով հարուցվել է  քրեական գործ, և առաջիկայում կիմանանք բոլոր մանրամասները» ,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով ձայնագրված խոսակցությանը՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ խոսակցությունը եղել է դատարանի կողմից Ռոբերտ  Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու օրը: «Խոսակցությունը բոլորդ լսել եք, գիտեք ինչի մասին է, մանրամասների մեջ չեմ մտնի, պարզապես ուզում եմ ասել, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է: Դա եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- մանրամասնեց Վանեցյանը:

Ներկայացնելով նախապատմությունը՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ ստացել է հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է  հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր: «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, և նա՝ որպես իրավաբան, տվել է այդ հարցի հետ կապված բացատրությունները: Իրավական մասով պարոն Խաչատրյանն ավելի մանրամասն կներկայացնի: Ես ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որը մենք սկսել ենք, շարունակելու ենք, և մեզ ոչ մի բան չի խանգարելու: Մեր սկսած գործին որևէ խոչընդոտ չի կարող լինել: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև, և այդ գործընթացն անկասելի է»,- ընդգծեց նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am