Հայաստանի ռուսական ռազմակայանի մեխանիկ- վարորդները Էքստրեմալ վարման դասընթաց են անցել

Armenpress 15:42, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի մարտական մեքենաների ստորաբաժանումների մեխանիկ-վարորդները Էքստրեմալ վարման դասընթաց են անցել առավել բարձր աստիճանի բարդության տանկադրոմում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երկկողմ մարտավարական վարժանքների շրջանակում մարտական մեքենաների անձնակազմերը ստուգողական վարժություններ են կատարել տանկադրոմում:

Մոտավորապես 3 կիլոմետր երկարությամբ երթուղում մեխանիկ վարորդները հաղթահարել են կամուրջ, հեղեղատ, ցեխափոսեր, բլրալանջեր եւ այլ խոչընդոտներ: Հետեւակի մարտական մեքենայի վարման վարժությունները մեխանիկ-վարորդները կատարել են մարտական վիճակում, իսկ առանձին հատվածներ՝ պաշտպանության անհատական միջոցներով:

Զինծառայողները նաեւ կատարել են ավտոշարասյուների ուղեկցման, դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակման դիմագրավման, ռազմական տեխնիկայի տարհանման ու նորոգման, առաջադրանքների կատարման վայրից հետախույզների եւ մարտի դաշտից պայմանական վիրավորների դուրսբերման ուսումնամարտական առաջադրանքներ: Հետեւակի մարտական մեքենաների, զրահափոխադրիչների, տանկերի եւ զորամիավորման այլ հատուկ անվավոր եւ թրթուրավոր զրահամեքենաների վարման ստուգողական վարժությունների կատարման ընթացքին հետեւում են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am