1000х90.jpg (78 KB)

Նախագահական նստավայրում հյուրընկալվել էին Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները

Armenpress 15:16, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից:

Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյոք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնց մասնավորապես վերաբերել են մասնագիտության ընտրությանը եւ հետաքրքրություններին:

Նախագահը խորհուրդ է տվել ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հոգեհարազատ կլինի նրանց. «Ձեր կյանքում ինչ էլ որ անեք՝ արեք հաճույքով: Գտեք այն մասնագիտությունը, որը ձերն է, որը հաճույքով ու սիրով կանեք: Եղեք լավագույնը ձեր աշխատանքի մեջ»:

Նա նաեւ հորդորել է պահպանել ու շարունակել իրենց պապերից ժառանգած ավանդույթներն ու մշակույթը. «Հիշեք, որ դուք հպարտ հայեր եք, եւ ունեք մեծ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը եւ ձեր գյուղը, որը նույնպես ձեր հայրենիքն է: Երբեք չկտրեք կապը ձեր արմատների հետ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am