1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ը ավելի քան 1,5 տրլն դոլար Է ծախսել Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում պատերազմելու վրա

Armenpress 11:52, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ամերիկացի հարկատուների վրա ընդհանուր առմամբ նստել են արդեն ավելի քան 1,5 տրլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի հաշվարկները:

«2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակաշրջանում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պատերազմների հետ կապված ծախսերը ծածկելու համար հատկացրել Է 1,501 տրլն դոլար»,-ասված Է զեկույցում, որից մեջբերում Է արել հեռուստաալիքը: Հաշվետվության մեջ տեղեկատվությունը ներկայացված Է ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ: Առավել շատ միջոցներ են ծախսվել Իրաքում իրականացված ռազմական գործողությունների վրա՝ մոտավորապես 731 մլրդ դոլար կամ ընդհանուր գումարի 49 տոկոսը:

Աֆղանստանում ծախսվել Է 584,3 մլրդ դոլար: Ամենաքիչ միջոցները հատկացվել են Սիրիայում իրականացվող ռազմարշավին՝ մոտավորապես 23,5 մլրդ դոլար: Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներով ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 2 մլն ամերիկացի զինվորներ ու սպաներ: Այդ ռազմարշավներում, ինչպես նաեւ ԻՊ-ի դեմ պայքարում Պենտագոնի ընդհանուր անդառնալի կորուստները կազմել են շուրջ 6,8 հազար մարդ, եւս 52,3 հազար զինծառայողներ վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am