Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է` անմնացորդ աջակցում են վարչապետին և կառավարությանը

Armenpress 11:40, 11 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է` իրենք անմնացորդ աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերը համարեց իրենց դեմ սև PR-ի արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,-նշեց Մարուքյանը:

Նա հավաստիացրեց` ՀՀԿ-ի հետ սերտ առնչություններ չունեն, քանի որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Նշեց` այդ խոսակցությունները պարզապես սև PR-ի արդյունք են իրենց դեմ:

«Որպես հակահեղափոխական ուժ համարել եմ ՀՀԿ-ին, իսկ հիմա միացել է նաև Ռոբերտ Քոչարյանը»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշեց, որ դա քարոզչական ելույթ  էր: Հավատացրեց` «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» ասելով՝ վարչապետն իրենց ի նկատի չի ունեցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am