Հայկական ստեղծագործական խմբերը ձեռքբերումներով են վերադարձել «Սլավյանսկի Վենեց-2018» միջազգային մրցույթ-փառատոնից
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան, «Let's Dance» և «Բելլա» պարային համույթներն օրերս մասնակցել են Բուլղարիայում կայացած «Սլավյանսկի Վենեց-2018» միջազգային մրցույթ-փառատոնին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մինորա» մշակութային կենտրոնի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող խմբերն արդեն յոթերորդ տարին է, ինչ հնարավորություն ունեն մասնակցելու «Սլավյանսկի Վենեց» բազմաժանր մրցույթին:
«Սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց տարիքային խմբերում և անվանակարգերում զբաղեցրեցին առաջին տեղը»,-ասաց «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):
Բոլորը Բուլղարիայից վերադարձել են անմոռանալի տպավորություններով, բարձր տրամադրությամբ՝ բարձր մակարդակով ներկայացնելով մեր մշակույթն իր ողջ գեղեցկությամբ:
Մասնակիցները այցելել են Վառնայի Գալատա թաղամաս, որտեղ ծաղիկներ են դրել զորավար Անդրանիկի հուշարձանին:
«Մինորա» մշակութային կենտրոնը «Սլավյանսկի Վենեց» միջազգային մրցույթ-փառատոնի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է ՀՀ- ում և ԼՂՀ-ում: