Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց երևանցի ընթերցողներին


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գիրքը ներկայացնում է Միացյալ Նահանգների ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ազգությամբ հայ Քըրք Քըրքորյանի չքավորությունից մինչև հարուստ և շքեղ կյանքի հասնելու պատմությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսն անցկացվեց սեպտեմբերի 10-ին Երևանի բիզնես կենտրոններից մեկի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում:

«Գրքի հեղինակն ուսումնասիրել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր: Նա փորձել է հերոսի մասին տեղեկություններ քաղել մարդկանցից, որոնք Քըրքորյանի հետ անմիջական կապ են ունեցել: Քըրք Քըրքորյանը բավականին զուսպ անձնավորություն էր և չէր սիրում հաճախ հարցազրույցներ տալ, հետևաբար, Ռեմփելի համար բարդ էր նրա մասին հետաքրքիր պատմություններ հայթայթելը, բայց հեղինակը հաջողել է»,- նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը: Նա հավելեց, որ գրքում պատմվում է մեծ հայի կյանքի ողջ պատմությունը:

Գիրքն անգլերենից թարգմանել են Ալինա և Աննա Միրզոյանները:  Ալինա Միրզոյանի խոսքով՝ սա առաջին համապարփակ գիրքն է, որը ներկայացնում է Քըրք Քըրքորյանի կենսագրությունը, վերելքներն ու վայրէջքները,  մարդու, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի բարեկեցության հարցում: «Նա բավականին ինքնամփոփ էր, և շատ բան չգիտենք նրա մասին: «Խաղացողը» հնարավորություն է տալիս հետաքրքիր բացահայտումներ անել և նորովի ճանաչել Քըրքորյանին»,- ասաց Ալինա Միրզոյանը:

Գիրքն ԱՄՆ-ում լույս է տեսել այս տարվա հունվարին: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն անմիջապես  գնել է այն թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքը:

««ՔըրքԱրշավ» նախագծի շրջանակում գիրքը ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Կապանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am