Երաժշտասերների դատին հանձնվեց Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տեսասկավառակը

Armenpress 17:49, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը երեք տասնամյակից ավելի  հանդիսատեսին է ներկայացնում մաքրամաքուր ¨ զուլալ հայ ազգային երաժշտություն: Օրերս Գյումրիում տեղի ունեցավ նվագախմբի «Քեզ եմ հիշում» տեսասկավառակի շնորհանդեսը:

Միջոցառումն անցկացվեց հենց այն կիսամութ ու խարխուլ տնակում,  որտեղ տարիներ շարունակ երաժիշտներն ամեն օր անցկացնում են իրենց փորձերը: 1990 թվականից խումբը տեղակայված է շինարար, բարերար Աշոտ Գալոյանի նվիրաբերած տնակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհանդեսին մասնակցեցին  ինչպես մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ,  այնպես էլ հանրաճանաչ արտիստներ, ժողովրդական ու վաստակավոր գործիչներ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը,  ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Մկրտիչ Մալխասյանը, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը:

Շնորհանդեսին հայտարարվեց, որ ժողովրդական գործիքների պետական նվագախումբը շուտով ավելի հարմարավետ պայմաններում կկարողանա գործունեություն ծավալել:  «Կսկսենք աշխատել Խրիմյան Հայրիկ 19 հասցեում: Օյունջյան հիմնադրամի և պետական բյուջեի հրատապ ծրագրերի միջոցներով կվերանորոգվի շենքը»,-ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Մինչ կհիմնանորոգվի նոր շենքը, երաժիշտները հին տնակում, բայց նոր հույսերով կանցկացնեն փորձերը,  կանգ առնելու ժամանակ չկա, միշտ պատրաստ աշխատանքի…

«Երկրաշարժից հետո հիշում եմ, Տեքստիլագործների մշակույթի պալատի բեմի հետնամասում էինք ապրում: Այդ ժամանակահատվածում նվագախումբն  իր փորձերը անցկացնում  էր մշակույթի պալատի բեմում և ամեն օր ակամա ունկնդիր էի դառնում»,-իր հիշողություններով կիսվեց ժող. գործիքների պետական նվագախմբի ղեկավար,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը:

2001-ից խումբն  ունեցավ նոր գեղարվեստական ղեկավար: Շիրակցիները լավ գիտեն` որտեղ նպատակասլաց և աշխատասեր Ջեմմա Քաղցրիկյանն է, այնտեղ ծաղկող երգարվեստն  ու որակյալի գերակայությունն է: Էլ ավելի մեծ քայլերով  շարունակվեցին  ազգային երգը անաղարտ ներկայացնող խմբի վերելքները, հաղթանակներն ու շրջագայությունները: Աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձան,  երբ գեղարվեստական ղեկավարին որպես  օգնող ուժ միացավ երգիչ,  դիրիժոր Կարեն Մայիլյանը:

«Կարենի օգնությամբ սկսեցինք առավել մանրակրկիտ ու հատվածաբար աշխատել խմբի հետ,  ինչը ակնհայտ բարձրացրեց խմբի որակը»,-նշեց Քաղցրիկյանը և հավելեց, որ ազգային երաժշտությունը պահպանելն ու անաղարտ հանդիսատեսին հասցնելը երբեմն զոհողություն է պահանջում, ես հրաժարվեցի իմ մյուս աշխատանքներից, որ իմ ամբողջ ուժն ու կարողությունը ներդնեմ այս խմբի զարգացման գործում»,-խոստովանեց նա:

Եթե բեմին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն է, ուրեմն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Խումբը միշտ պատրաստ է ըստ պատշաճի ներկայանալ երաժշտասերներին, վերջիններս էլ միշտ կարոտով են սպասում սիրված խմբի ելույթներին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am