Արցախի ԱԳ նախարարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Armenpress 17:25, 10 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունել է Քերոլայն Քոքսի հերթական այցելությունն Արցախ՝ այն կարևորելով հանրապետությունում առկա իրավիճակին ու տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին ծանոթանալու առումով։ Նախարարը բարձր է գնահատել բարոնուհու ջանքերը՝ ուղղված արտերկրում Արցախի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև հանրապետությունում մարդասիրական խնդիրների լուծմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Արցախի միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am