Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանը փայլուն հարաբերություններ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել բովանդակային և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները կրել են և շարունակելու են կրել պարբերական բնույթ: Քննարկել ենք բազմաթիվ՝ տրանսպորտային, տնտեսական, քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամենակարևոր արձանագրումն այն էր, որ այս այցի արդյունքներով նոր խթան կհաղորդեն քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Վրաստանի գործընկերոջ կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, որը հայկական կողմից հավանության է արժանացել: «Հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի: Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարելու մասին: Նիստի շրջանակում հստակ խնդիր կձևակերպվի ՝ ունենալ ճանապարհային քարտեզ առևտրա-տնտեսական հարաբերությունները, քաղաքական, հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:

«Ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի ջերմ է դառնում: Մեր կառավարության անդամների միջև հաստատվում ու ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է շարունակել և հստակ քայլերով գնալ առաջ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am