Հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են «Mosshoes 2018»-ին


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 6 արտադրողներ սեպտեմբերի 10-13-ը Մոսկվայում կմասնակցեն կոշիկի և կաշվե իրերի արտադրության «Mosshoes 2018» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունների հետ միասին իրենց արտադրանքն են ներկայացնում 600 ընկերություններ աշխարհի 30 երկրներից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

Հայկական արտադրանքը ներկայացված է միջինից բարձր դասում։ Միջազգային ցուցահանդեսում մեր երկրի 6 արտադրողները ներկայացնում են «Սիմոնա», «Բաբիննի», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Սերաբիան» ապրանքանիշերը։

«Հայաստանյան կոշիկի արտադրությունը վերջին տարիներին ակնհայտորեն բարելավել է որակն ու դիզայնը՝ միջազգային շուկայում դառնալով ավելի մրցունակ։ Իսկ ցուցահանդեսում մեր կայուն տեղը շատ մեծ հնարավորություն է տալիս թուրքական արտադրանքի վրա կենտրոնացած սպառողական զանգվածը հայկական արտադրանքի կողմն ուղղորդելու համար»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

«Mosshoes»-ը ոլորտի խոշորագույն ցուցահանդեսն է Արևելյան Եվրոպայում, անցկացվում է տարին 4 անգամ։ «Mosshoes 2018» աշնանայինն ակնկալում է 12 000 մասնագետների, դիստրիբյուտորների, խոշոր գնորդների այցելություն։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am