Ժառանգությունը խոստանում է իր կառավարման օրոք մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել

Armenpress 14:15, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն իր կառավարման օրոք խոստանում է մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության քարոզարշավի առաջին օրվա իր ելույթում հայտնեց ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը:

«Էլեկտրատրանսպորտը, էլեկտրական ավտոբուսները մեր թիրախն են լինելու: Ժառանգության կառավարման ընթացքում պետք է նվազագույնը մեկ մետրոյի կայարան կառուցվի, եթե հնարավոր լինի ավելի շատ կառուցել, ավելի լավ կլինի: Դրա հետ մեկտեղ որոշ կայարաններում պետք է ալտերնատիվ մուտքեր ստեղծել»,- նշեց Մարտիրոսյանը:

Կուսակցության նախագահի խոսքով՝ Երևանի խնդիրների լուծումը քաղաքի զարգացման մեջ է:

«Մենք զարգացնելու ենք Երևանը: Կրթության ոլորտում պետք է փոփոխություններ անենք, պետք է նորագույն տեխնոլոգիաներ մտցնենք դպրոցներ: Պետք է շատացնենք մանկապարտեզները, որովհետև այսօր համալսարան ընդունվելն ավելի հեշտ է, քան մանկապարտեզում ազատ տեղ գտնելը»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ Երևան քաղաքը պետք է ունենա ոչ կուսակցականացված, մասնագիտական կառավարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am