«Ժառանգության» քարոզարշավը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության հիմնադիր, «Ժառանգության» ցուցակով քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ընտրվելու դեպքում ծառայելու է քաղաքացիներին:

«Սա լինելու է նոր Երևանի նոր ավագանի, որը օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է ձեզ հաշվետու: Եթե ես վայելեցի երևանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24-ժամյա աշխատանքով լինելու եմ Երևանի քաղաքացիների ծառաներից մեկը: Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան: Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին: Միասին կերտելու ենք առաջատար Երևան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,- ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք մինչև քարոզարշավի ավարտը լինելու են Երևանի բոլոր համայնքներում:

«Վաղը կսկսենք Նուբարաշենից, երեկոյան կհասնենք Ավան և Նոր Նորք: Լինելու ենք բոլոր համայնքներում: Մենք լինելու ենք մեր բնական վիճակի մեջ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կուսակցության հիմնադիրի խոսքով՝ իրենց քարոզարշավը կավարտվի 10 օր անց՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am