1000х90.jpg (78 KB)

Սմբատ Գոգյանը ԲՈԿ մասնագիտական խորհուրդների մեծամասնությունում տեսնում է խախտումներ

Armenpress 13:15, 10 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման կոմիտեում գործող 60 մասնագիտական խորհուրդների ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտմամբ: Խորհուրդներում հայտնվում են չափանիշներին չհամապատասխանող մարդիկ, հաճախ գիտական աստիճաններ են տրվում ոչ արժանիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այս հանգամանքներով հիմնավորեց մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունումների ժամանակավոր դադարեցումը:

«Վերջին ամիսների ընթացքում ես ուսումնասիրել եմ մասնագիտական խորհուրդներում տիրող վիճակը, բարձրացված խնդիրները, թե դրանցում կան կոռուպցիոն գործընթացներ: Եվ, ցավոք, եկել եմ այն եզրակացության, որ պնդումների մեծամասնությունը իրականություն են: Հիմա ԲՈԿ-ում կա գործող 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնություն ձևավորվել են կարգի խախտումով: Եվ ստիպված եղա սեպտեմբերի սկզբին դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունելու գործընթացը՝ մինչ հստակ պատկեր կունենանք, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համապատասխանում պահանջներին»,-ասաց Գոգյանը:

Նրա կարծիքով՝ մշտական մասնագիտական խորհուրդներն իրենց սպառել են: Վերջին երկու ամսում ԲՈԿ նախագահը ներկա է գտնվել մի քանի ատենախոսությունների պաշտպանությունների և հասկացել, որ մասնագիտական խորհուրդներում քննարկում գրեթե տեղի չի ունենում: «Շատերը պարզապես քվեարկում, գնում են:  Ներկա եմ եղել պաշտպանության, որտեղ ատենախոսությունը գրված էր հայերեն, բայց ընդդիմախոսը ռուս էր և հայերեն չգիտեր: Որոշ ատենախոսություններ շատ թույլ մակարդակի էին»,-նշեց Գոգյանը:

Շատերը գիտական աստիճան են ստացել ոչ բավարար հիմքերով: Սակայն հետին թվով գիտական աստիճանը հետ վերցնել չի թույլատրվում: Գոգյանի կարծիքով՝ խորհուրդների կազմում հաճախ հայտնվում են ոչ ճիշտ մարդիկ, որոնք ավելի կառավարելի են դարձնում կազմը: «Եթե անդամներից մի քանիսը չեն բավարարում չափանիշներին, նրանք չեն կարող բարձրաձայն դեմ խոսել ատենախոսության վերաբերյալ, քանի որ գիտեն, որ իրավական հիմքերով չեն ընդունվել»,-նշեց ԲՈԿ նախագահը:

Նրա կարծիքով՝ եթե օրենքի ամբողջ խստությամբ վերաբերեն մասնագիտական խորհուրդներին, միգուցե դրանցից 1-2-ը մնան: Սակայն դա կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի փլուզման: Ստիպված են եղել մեղմացուցիչ լուծում գտնել և ևս երկու շաբաթով հետաձգել ատենախոսությունները պաշտպանության ընդունելու գործընթացը: Այդ ընթացքում ավելի մանրակրկիտ կերպով կբացահայտեն խնդրահարույց խորհուրդները, որոնցում անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ: ԲՈԿ-ի նպատակն է առաջիկա 3 ամսում վերացնել կոռուպցիոն ռիսկերը, խորհուրդները բերել օրինական դաշտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am