1000х90.jpg (78 KB)

Հայաստանն ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար. Փաշինյանն՝ Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու մասին

Armenpress 23:02, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է իր նպաստը բերել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրների անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` աշխատանքը պետք է միտված լինի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ես ասում էի, որ ՀԱՊԿ առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ և իրար առաջ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն իմանա, թե ՀԱՊԿ շրջանակներում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե վարչապետն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար:

«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am