Մահացել է ամերիկացի 26-ամյա ռեփեր Մաք Միլերը

Armenpress 17:15, 8 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Մաք Միլերը մահացել է 26 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Լոս Անջելեսի դատախազության գրասենյակից հայտնել են, որ նրան գտել են իր տանն անգիտակից վիճակում: Մեդիայում տարածված լուրերի համաձայն, նա մահացել է թմրանյութի մեծ չափաբաժնի չարաշահումից:

Միլլերի ընտանիքը ևս հայտնել էր երգչի մահվան մասին, բայց այլ մանրամասներ չի տեղեկացրել: «Նա պայծառ լույս էր այս աշխարհում իր ընտանիքի, ընկերների և երկրպագուների համար»,-ասված է ընտանիքի հայտարարությունում:

Մաք Միլլերի մասին շատ հրապարակումներ եղան տարվա սկզբին հայտնի երգչուհի Արիանա Գարնդեի հետ բաժանումից հետո: Նրանք միասին համագործակցել են նաև մի շարք երգերի համար, միասին հանդես են եկել «One Love Manchester» բարեգործական համերգին 2017-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am