Համապետական շաբաթօրյակի ընթացքում Գեղարքունիքում փակվեց 13 աղբակույտ

Armenpress 14:21, 8 Սեպտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի ութի ժամը 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ավարտվեց համապետական շաբաթօրյակը, որին մասնակցեցին 536 պետական ու մասնավոր կազմակերպություն, շուրջ 13 հազար մարդ, 288 միավոր տեխնիկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին մարզի տարածքի ճանապարհաեզրերը, զբոսաշրջային եւ հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների եւ կազմակերպությունների տարածքները, գետերի եւ հեղեղատարների հուները, համայնքների փողոցները, մաքրման ենթակա այլ տեղեր: Փակվեցին թվով 13 աղբակույտեր Ակունք, Ծովինար, Գավառ, ճամբարակ, Վաղաշեն, Դպրաբակ համայնքներում:

«Մեր կողմից անցկացված ստուգողական շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Պետք է ասեմ, որ համապետական շաբաթօրյակին մարդիկ ավել վաղ էին դուրս եկել, քան նախատեսված ժամն էր: Սա խոսում է այն մասին, որ բոլորն էլ բուռն ցանկությամբ ու ոգեւորությամբ էին մաքրում իրենց շրջակայքը կամ նախատեսված տարածքները: Սա կարեւոր ու արդյունավետ միջոցառում էր, ինչը պետք է կրկնել հաճախակի: Մեր գոհունակությունն ենք հայտնում շաբաթօրյակի բոլոր մասնակիցներից,- նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am