1000х90.jpg (78 KB)

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Armenpress 15:26, 8 Սեպտեմբեր, 2018

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլի պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ակնկալվում է «անկեղծ ու լուրջ քննարկում» երկկողմ փոխգործակցության վերաբերյալ։ «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմում, հետևաբար մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ քննարկում բոլոր հարցերով՝ կապված երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կառույցներում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում համատեղ աշխատանքի հետ»,- ասել էր Ուշակովը։

Սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն է։ Առաջինը տեղի էր ունեցել մայիսին՝ Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, երկրորդը՝ հունիսին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերի բացման արարողության շրջանակում։

Արաքս Կասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am