Ադրբեջանում 6 մարդ փորձել են խմբակային ինքնասպանություն գործել աշխատավարձ չստանալու պատճառով  

Armenpress 12:41, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

 Տղամարդիկ բարձրացել են ամբարձիչի վրա և ցանկացել են այնտեղից ցած նետվել, սակայն դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ռիսկերի փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հոգեբանական զրույցի արդյունքում կանխել խմբակային ինքնասպանության փորձը:

 Խաթայի շրջանում խմբակային ինքնասպանության փորձի դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 28-ին: Շինարարական ընկերության 4 բանվորի նման փորձը նույնպես կանխվել էր: Ինքնասպանության փորձի պատճառը կրկին եղել էր մի քանի ամիս շարունակ չվճարված աշխատավարձը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am