1000х90.jpg (78 KB)

Սիրիական բանակի վճռորոշ ճակատամարտը մոտ է

Armenpress 16:50, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական պատերազմը, կարծես թե, մտնում է վերջին փուլ. Իդլիբ նահանգը միակ շրջանն է, որը դեռ ամբողջությամբ գտնվում է ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կոալիցիայի վերահսկողության տակ: Նահանգում, որը սահմանակցում է Լաթակիա, Համա և Հալեպ նահանգներին, իսկ արևմուտքից՝ Թուրքիային, 2017թ. Աստանայի համաժողովից հետո ստեղծվել էր առաջին ապաէսկալացիոն գոտին: Իդլիբում իրենց դիտակետերը հիմնել են Թուրքիան (12), Ռուսաստանը (10) և Իրանը (7):

Սիրիայի հյուսիսային նահանգում ռազմական գործողություններին պատրաստվում են հակամարտության հետ առնչություն ունեցող գրեթե բոլոր դերակատարները. Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում օգոստոսի 30-ին հայտարարել էր, որ բանակը պատրաստ է գնալ մինչև վերջ, և Թուրքիան պետք է հասկանա, որ Իդլիբը սիրիական հող է, Ռուսաստանը Միջերկրական ծովում Ռազմածովային նավատորմի զորավարժություններ է սկսել, իսկ սեպտեմբերի 5-ին օդային հարվածներ իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Թուրքիան Սիրիայի հետ սահման է ուղարկել ռազմական տեխնիկա, Իրանի աջակցությունը ստացող ուժերը մոբիլիզացվել են հարավում, բացի այդ, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը  սեպտեմբերի 3-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ «ահաբեկիչները պետք է դուրս շպրտվեն, որպեսզի շրջանը վերադառնա վարչակարգին», իսկ Իրանի Պնախարարն ավելի վաղ Դամասկոսում ստորագրել է երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:  Ի դեպ, այս գործընթացներից անմասն չի մնացել նաև Իսրայելը, որը սեպտեմբերին 4-ին Համայում իրանական դիրքերի ուղղությամբ հրթիռներ է արձակել:  

Իդլիբում ռազմական գործողությունների դաժան հետևանքների մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ մարդասիրական աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարական զորքերը, Իրանը և Ռուսաստանը պետք է հրաժարվեն ուժային գործողություններից, ինչին ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վտանգավոր, ողջ Սիրիայում տիրող իրավիճակի բացասական ներուժի վրա: 

«ԱՄՆ-ում ուշի ուշով հետևում են, որ Սիրիայի կառավարամետ ուժերը Իդլիբում քիմիական հարձակում չիրականացնեն՝ վստահ լինելով, որ ապստամբների մոտ քիմիական զենք չկա»,-հայտարարել է ԱՄՆ-ի Պնախարար Ջեյմս Մատիսը: Հումանիտար աղետի մասին նախազգուշացրել են նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրան, ով կողմերին կոչ է արել հումանիտար միջանցք բացել շուրջ 2.9 մլն խաղաղ բնակչությանը տարհանելու համար: 

Իդլիբի շուրջ զարգացումները մեծ նշանակություն ունեն հատկապես Թուրքիայի համար, որը մի կողմից աջակցում է զինյալներին, մյուս կողմից հայտարարում, որ ռազմական գործողությունների հետևանքով իր երկրում կավելանա փախստականների թիվը: Ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այս հարցի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը շատ կարևոր է, և հույս հայտնել, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում նախատեսված է Իրան-Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ բանակցությունների միջոցով կկարողանան փոխհամաձայնության գալ:  Սակայն ըստ Սիրիայի կառավարությանը մոտ գտնվող «Watan» թերթի՝ երեք երկրները Թեհրանում կորոշեն սիրիական բանակի ռազմական գործողությունների մեկնարկի ժամը, որը, ինչպես սպասվում է, սկսվելու է հանդիպումից անմիջապես հետո: 

Հատկանշական է, որ Իդլիբը զինյալներից ազատագրելը կարևորագույն ձեռքբերում կլինի Սիրիայի համար, կվերականգնվի տնտեսական և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դամասկոս-Հալեպ մայրուղին, որի 100 կմ-ն անցնում էր Իդլիբով, Սիրիայի կառավարական զորքերը կվերահսկեն երկրի տարածքի գրեթե մեծ մասը՝ բացառությամբ հյուսիսային մի քանի շրջանի, որոնք գտնվում են Թուրքիայի և Սիրիայի ազատ բանակի ազդեցության տակ (Աֆրին, Մանբիջ), քրդերի (հյուսիս-արևելյան հատված), և մի փոքր հատված էլ՝ ԻԼԻՊ-ի: Իդլիբի ազատագրումը կապահովագրի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայրենի Լաթաքիա նահանգը, որտեղ տեղակայված է նաև ռուսական ռազմաբազան: Սրանից հետո, ամենայն հավանականությամբ, առանցքային է դառնալու հյուսիսային շրջանների հարցը, որը Դամասկոսը կփորձի վերադարձնել իր վերահսկողության տակ: Քրդերը վերջին ամիսներին փորձել են կապեր հաստատել Սիրիայի կառավարության հետ, քննարկել պատերազմի 7 տարիների ընթացքում իրենց ձեռք բերածը պաշտպանելու և դաշնություն ստեղծելու հարցը, սակայն սիրիական կողմը մերժել է այդ առաջարկը՝ նշելով, որ ոչ մի նահանգ չի առանձնանալու: 

Արմինե Բեյբության, արաբագետ

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am