Գրպանահատությունը քրեականացվում է  


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց գրպանահատությունը քրեականացնող օրինագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Եթե հափշտակության չափը չի գերազանցում 5 հազար դրամը, չի համարվում զգալի չափ, ապա դրա համար պատասխանատվությունը տարբերակված է: Երբ հափշտակությունը կատարվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, էլի տարբերակված մոտեցում չկա: Մենք առաջարկում ենք, որ դա պայմանավորված չլինի 5000 դրամի չափով, քանի որ բնակարանից գողության վտանգավորությունը մեծ է: Բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ հենց 5 հազար դրամի չափով է գողություն անելու»,- նկատեց նախարարը՝ ավելացնելով, որ առաջարկվում է քրեականացնել գրպանահատությունը, որն այսօր լուրջ խնդիր է:

Ըստ նրա, գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում է տրանսպորտային միջոցներում մարդկանց գրպանից: Դրանք կազմում են շուրջ 65 տոկոս: Իսկ գողացվածի չափը, որպես կանոն, չի գերազանցում 50 հազար դրամը: Նախարարի խոսքով՝ 2014-ին գրպանահատության դեպքերը կազմել են գողության ընդհանուր թվի ավելի քան 24 տոկոսը, 2015-ին՝ 36,5 տոկոսը, 2016-ին՝ 39,4 տոկոսը, 2017-ին՝ 34,1 տոկոսը: «Հանցագործություն կատարած անձինք, որպես կանոն, չեն կալանավորվում, եւ կրկին կատարում են նույն հանցագործությունը: Քանի որ սրանք մասնավոր մեղադրանքի դաշտից են, այսինքն՝ պետք է լինի տուժողի բողոքը եւ եթե լինում է հաշտություն, ապա հետապնդում չի իրականացվում»,-ասաց Զեյնալյանը:

Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարիների ընթացքում քննչական վարույթ է իրականացվել 5060 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ քրգործի հարուցումը մերժվել է տարբեր պատճառներով, իսկ 776-ի նկատմամբ եւս կարճվել է, որից 309-ի նկատմամբ դիմողի բողոքի բացակայության հիմքով: Այդ ընթացքում պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ: Նա նկատեց, որ, օրինակ, մեկ անձի նկատմամբ իրականացվել է 121 հետապնդում, այսինքն՝ նույն անձը 121 անգամ գրպանահատություն է իրականացրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am