Մանկաբուժությունը,  մանկական վիրաբուժությունն ու նյարդավիրաբուժությունը  առաջընթաց են գրանցել


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները  մոտենում են եվրոպական չափանիշներին, ինչը մեծ հպարտություն է մեզ համար՝ և որպես պետություն, և որպես  ժողովուրդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մանկաբուժությունը,  մանկական վիրաբուժությունն ու նյարդավիրաբուժությունը բավականին լուրջ առաջընթաց են գրանցել: «Շնորհակալություն, որ եկել եք Հայաստան՝ կիսվելու փորձով և ծանոթանալու հայ մասնագետների ձեռքբերումներին, որոնք քիչ չեն, ինչի վկայությունն է նաև այն իրողությունը, որ այս համաժողովում նախատեսված 66 զեկուցումներից 11-ը հայաստանյան մասնագետներինն է լինելու: Մենք պետք է ուրախ լինենք, որ կարողանում ենք անել ամեն ինչ երեխաների կյանքը փրկելու և առողջությունը բարելավելու համար»,-ասաց նա։ Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության և մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:

 Կոնֆերանսին մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այս գիտական ֆորումը կնպաստի բժիշկների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա լավ հարթակ մասնագետների շփման և համագործակցության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am