«Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը». Վարչապետը կատակով դիմեց Պաշտպանության նախարարին  

Armenpress 11:48, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև զվարճալի երկխոսություն տեղի ունեցավ: Երբ օրինագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, Փաշինյանը դիմելով Դավիթ Տոնոյանին՝ ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ի պատասխան՝ Պաշտպանության նախարարն ասաց, որ կողմնակից է ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդ և չորրորդ երեխաների ծնունդին:

«Մի այսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի առանց երկրորդի հնարավոր չէ միանգամից երրորդին ու չորրորդին ունենալ, եթե, իհարկե, ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տա»,- նկատեց վարչապետ Փաշինյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am