ԱՄՆ-ն քաջալերում է Հայաստանի կառավարությանը բիզնես միջավայրի բարելավման աշխատանքների իրականացման հարցում

Armenpress 10:40, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադարձել է հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավատացած է՝ ամերիկյան և հայկական բիզնեսի համար գերազանց հնարավորություններ կան միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար: «Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանության կողմից անցկացվող ֆրենչայզինգի համաժողովին, դեսպանն ասաց, որ այն կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև. «Այստեղ են հավաքվել ամերիկյան ֆրանչիզային ընկերություններն ու հայկական ներդրողները: Այս համաժողովին Հայաստանից մասնակցում են բիզնեսի և կառավարության 50-ից ավելի ներկայացուցիչներ, մի քանի ամերիկյան գործարարներ. նրանք այստեղ են, որպեսզի միմյանց հետ խոսեն համատեղ ֆրանչիզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ»,֊-եզրափակեց դեսպանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am