ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում:

«ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: Դեսպանն իր հերթին կարեւորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը:

Ընդգծելով, որ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարեւորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am