ՀՀ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում. Նիկոլ Փաշինյան

Armenpress 16:06, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, արտերկրից ժամանած հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ Հայաստանը դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիք ու հմտություն արտահանող երկիր:

«Այսօր շատ խորհրդանշական և կարևոր, նաև ոչ սովորական օր է. տոնում ենք Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը:

Ցանկանում եմ նշել, որ փրկարարական պարագաներ ու նյութական աջակցություն ներմուծող երկրից Հայաստանն այսօր մեր համակարգի շնորհիվ նաև դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիք ու հմտություն արտահանող երկիր:

Մեր հրշեջ-փրկարարների փորձառության ու պրոֆեսիոնալիզմի, նրանց հոգատարության ու սրտացավության մասին վկայում են ոչ միայն միջազգային ամենապահանջկոտ փորձագետները, մի շարք երկրների երախտագետ ղեկավարները, այլև, որ մեզ համար կարևոր է, մեր ժողովուրդը:

Հիրավի, ի դեմս ԱԻՆ համակարգի, բնակչությունը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող և ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Այսօր մեր համակարգը դարձել է մեր պետության բարի, հոգատար, ժպտուն դեմքը, ժողովրդին մեկնած ջլապինդ, հուսալի, օգնական ձեռքը:

Սիրելի՛ գործընկերներ, ձեր շնորհիվ, ձեր պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, մարդասիրության և խիզախության ու մարդկայնության շնորհիվ մեր ժողովուրդն այսօր ստացել է այն վստահությունը, որ ամենադժվար պահին մենք իր կողքին ենք լինելու»,- ասաց Ռոստոմյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ և նրանց մաղթեց հնարավորինս քիչ աշխատանք ու հնարավորինս մեծ բարեկեցություն:

Ըստ վարչապետի` արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում։

Փաշինյանի խոսքով` համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեությունից:

«Ցանկանում եմ՝ ևս մեկ անգամ արձանագրենք, որ որևէ կերպ չի կարելի քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվել, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ, – ասաց ՀՀ վարչապետը։

 Ըստ ՀՀ վարչապետի` արտակարգ իրավիճակների համակարգում բազմաթիվ խնդիրներ կան` սկսած պետական կառավարման համակարգում ցածր աշխատավարձերից:

«Մենք պետք է ոչ թե նախ լավ ապրենք, և հետո մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը պետք է տեղի ունենա. սկզբից մենք պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչից հետո անխուսափելիորեն կարձանագրվի մեր բոլորիս, նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարեկեցության մակարդակը,- նշեց Փաշինյանը:  ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց շքերթի սկիզբը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի հրամանատարությամբ շքերթի մասնակիցները դուրս եկան հանդիսավոր երթի:

Հրապարակով անցան ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ հատուկ հրշեջ ջոկատի, Արցախի Հանրապետություն ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների և սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների շարասյունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am