1000х90.jpg (78 KB)

Սպորտի նախարարը` բռնցքամարտի ֆեդերացիայում գոյություն ունեցող տարաձայնությունների մասին  

Armenpress 14:40, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն անդրադարձավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված հարցին:

«Անձնական խնդիրները տեղ չունեն ֆեդերացիայում: Մենք քայլ արեցինք, որ բարելավենք ֆեդերացիայում ստեղծված մթնոլորտը: Հետո ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմեցին ինձ, որ ընտրության կարգում խախտում է եղել: Մեր նպատակը մեկն է` մարզական աշխարհը պետք համախմբված լինի: Մեր աշխատանքը պետք է կառուցված լինի երեք կառույցների միջոցով` ֆեդերացիա, նախարարություն, ՀԱՕԿ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Նախարարի խոսքով` ստեղծված իրավիճակի պատճառով տուժեցին երիտասարդ բռնցքամարտիկները, ովքեր մասնակցեցին աշխարհի առաջնությանը և ձեռնունայն վերադարձան այնտեղից:

Օրեր առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, գործող բռնցքամարտիկներ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց` ի պաշտպանության ֆեդերացիայի` օրեր առաջ վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանի: Ֆեդերացիայի ներկայացուցիչներին անհանգստացնում էր այն փաստը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չեն ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am